ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ
Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար:
1 դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:
Վերջին Արտաշեսյանների օրոք Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա: 2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը: Հասնելով Արշարունյաց գավառը` հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին:
Լեգեոն-լեգեոն բառը նշանակում է զորական խոշոր միավորում Հին Հռոմում։
Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:
Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր, ով թագավորել էր 18-34 թթ.։
Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես: Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները:
Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի: Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից: Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղաքականության:
Հայոց արքա Աբգար:
I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով: Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը Հյուսիսային Հայկական Միջագետքում գտնվող Ուռհա-Եդեսիայում։
Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը: Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար 5 թագավորը, ով թագավորեց 4-7 թթ. և 13–50 թթ.: Նրա թագավորության տիրույթների մեջ էին մտնում նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները:
Հայոց արքա Աբգարը, իմանալով իր պարթև ազգականների միջև ծագած խռովության մասին, մեկնում է Պարթևստան: Խռովությունը հարթելուց հետո նա ծանր հիվանդանում է և վերադառնում Եդեսիա: Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին: Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում: Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին` Սանատրուկ 1-ը, իսկ Եդեսիայում` Աբգարի որդին:
Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում: Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին:
Պայքար Հռոմի դրածոների դեմ։
Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատին հայերը վտարում են երկրից: Սակայն Միհրդատը հռոմեական ուժերի օգնությամբ կրկին բռնազավթում է Մեծ Հայքի գահը: Այդ դաժան անձնավորությունը առաջացրել էր հայ ժողովրդի ատելությունը: Միհրդատի եղբորորդին` Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, 51 թ. Արտաշատում զավթում է գահը: Դա առաջացնում է հայ ժողովրդի ցասումը:
Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին թագավորել է 51-80 թթ.։ Վաղարշ I Արշակունին Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք: Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր: 52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: Հռադամիզդը, փախչում է Վիրք: Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից:
Հարցեր և առաջադրանքներ
- Ներկայացրեք իրավիճակը Հայաստանում I դարի առաջին կեսին:
I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ խնդիրներ էին առաջացել։ Հռոմեական կայսրությունը շարունակում էր ճնշումը Հայաստանի վրա։ - Պատմե՛ք Ադդոնի սխրագործության մասին:
2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժում է Հայաստան, շարժվում դեպի երկրի խորքը, հասնում Արշարունյաց գավառ և պաշարում է Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար կռվում են հռոմեական լեգեոնների դեմ: Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը: Հռոմը ծրագրում էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսրական նահանգի, իսկ պարթևները ցանկանում էին հուսալի դաշնակից ունենալ ընդդեմ Հռոմի։ Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ, որպեսզի կարողանար պայքարել հռոմեական նվաճողական քաղաքականության դեմ։ - Արտաշեսյան արքայատոհմից հետո ո՞վ էր Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը:
Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր, ով թագավորել է 18-34 թթ.։ - Որտե՞ղ էր թագավորում Աբգարյանների արքայատոհմը:
Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը: Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար 5 թագավորը, ով թագավորեց 4-7 թթ. և 13–50 թթ.: Նրա թագավորության տիրույթների մեջ էին մտնում նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները: - Ինչո՞ւ էր Աբգար 5–ը Քրիստոսին Եդեսիա հրավիրում, ի՞նչ պատահեց հետո:
Լսելով Քրիստոսի մասին նա հրավիրում է նրան Եդեսիա, որպեսզի նրան բուժի։ Հետո Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում: Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին: Նաև Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում: Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին` Սանատրուկ 1-ը, իսկ Եդեսիայում` Աբգարի որդին: - Ի՞նչ նպատակ ուներ Վաղարշ I Արշակունին:
Վաղարշ 1 Արշակունին պետք է իր եղբոր Տրդատի հետ պարթևական զորքով մտնեին Հայաստան, որպեսզի քշեին Հռադամիզդին և օտարականներին։ - Ե՞րբ առաջին անգամ Վաղարշը և Տրդատը զորքով մտան Հայաստան:
52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: Հռադամիզդը, փախչում է Վիրք: Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից: