May 17

Տեքստային աշխատանք առակի շուրջ

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

  1. Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լրացրո՛ւ:
    Բարձր, բնակություն, բարձրանալ, ճանապարհներ, սայթաքեցին, դադար, վայեցին, ճանապարհին, կորչում, համբերություն:
  2. Վերնագրի’ր առակը:
    Ճամփորդները
  3. Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը:
    Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:
  4. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց:
    Այս առակը ինձ սովորեցրեց, որ պետք է չտրտնջալ և հասնել քո ուզածին:
  5. Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի՛ր:
    Այս առակի իմաստը այնն էր, որ պետք չի չտրտնջալ և հասնել քո ուզածին:
  6. Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի՛ր:
    Ով ալարի, ոչ դալարի:
May 17

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

Հաջորդ օրը Քսանթոսը որոշեց աշակերտների հյուրասիրությանը հյուրասիրությամբ պատասխանել և Եզոպոսին ասաց.

—         Եզոպոս, այսօր ճաշին բարեկամներս գալու են, գնա և մեզ համար աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը պատրաստիր:

«Լավ,- մտածեց Եզոպոսը,- սպասի՛ր, ես քեզ սովորեցնեմ, թե ինչ է նշանակում հիմար հրամաններ տալ»: Նա գնաց մսի խանութ, նոր փողոտված լեզուներ գնեց, և երբ տուն եկավ, մի մասը տապակեց, մի մասը խաշեց, մյուս մասն էլ պատրաստեց սառը համեմունքներով: Նշանակված ժամին հյուրերը հավաքվեցին:

—         Եզոպո’ս, մեզ համար ուտելիք բեր:

Եզոպոսը բոլորին սոուսով խաշած լեզու մատուցեց:

—         Օհո՜, ուսուցիչ,-ասացին աշակերտները,- նույնիսկ քո ճաշն էլ է փիլիսոփայական. ոչինչ չի վրիպում քո աչքից: Դեռ նոր ենք տեղավորվել սեղանի շուրջ, բայց արդեն լեզու են մատուցում:

Մեկ-երկու բաժակ խմելուց հետո, Քսանթոսն ասաց.

—         Եզոպո՛ս, ուտելիք բեր մեզ համար:

Եզոպոսը աղած պղպեղով տապակած լեզու մատուցեց:

—         Աստվածայի՜ն է, ուսուցիչ,- ասացին աշակերտները,- կրակից և աղած պղպեղից լեզուն ավելի սուր համ է ունենում. աղի այրողությունը միանալով լեզվի բնական սրության հետ, տալիս է հաճելի և թունդ համ:

Նրանք մի անգամ էլ խմեցին, և երրորդ բաժակին Քսանթոսն ասաց.

—         Եզոպո՛ս, վերջապես մեզ ուտելիք տալո՞ւ ես, թե՝ ոչ:

Եզոպոսը արմտիքով համեմած սառը լեզու մատուցեց:

Աշակերտներն իրար ասացին.

—         Օ՜ֆ, Դեմոկրիտոս, լեզուս արդեն ցավում է այսքան լեզուներից:

—         Մի՞թե այստեղ ուրիշ ոչինչ չկա: Երևում է, որտեղ Եզոպոսի մատը խառն է, այնտեղ լավ բան չպետք է սպասել:

Սառը լեզուներից բոլորի սիրտը խառնեց: Քսանթոսն ասաց.

—         Եզոպո՛ս, մեզ ապուր բեր:

Եզոպոսը մատուցեց լեզուներից մնացած խաշուն: Հյուրերը տեսնել իսկ չուզեցին:

—         Ահա և վերջին հարվածը մեր գլխին,-ասացին նրանք,-Եզոպոսը մեզ սպանեց իր լեզուներով:

—         Եզոպո՛ս,- ասաց Քսանթոսը,- մենք ուրիշ ոչինչ չունե՞նք:

—         Ուրիշ ոչինչ,- պատասխանեց Եզոպոսը:

—         Ուրիշ ոչի՞նչ, սրիկա՛, ասաց Քսանթոսը: – Մի՞թե ես քեզ չասացի` «Գնիր աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը»:

Եզոպոսը պատասխանեց.

—         Բախտս բերել է, որ ինձ նախատում են այս գիտուն պարոնների ներկայությամբ: Դու ինձ չասացի՞ր` «Գնի՛ր աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը»: Իսկ աշխարհում կա՞ ավելի լավ և ավելի գեղեցիկ բան, քան լեզուն է: Մի՞թե լեզվով չի պահվում ամբողջ փիլիսոփայությունը և ամբողջ գիտական միտքը: Առանց լեզվի ոչինչ չի կարելի անել` ո՛չ տալ, ոչ առնել, ոչ գնել. պետական կարգուկանոնը, օրենքները, որոշումները գոյություն ունեն միայն լեզվի շնորհիվ: Մեր ամբողջ կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա աշխարհում:

Աշակերտներն ասացին.

—         Երդվում ենք Մուսաներով, նա շատ լավ է դատում: Դու ճիշտ չես, ուսուցիչ:

Աշակերտները ցրվեցին իրենց տները, և ամբողջ գիշեր նրանց փորը ցավեց:

Առավոտյան նրանք բողոքեցին Քսանթոսին: Եվ նա ասաց.

—         Իմ գիտուն բարեկամներ, մեղավորը ես չեմ, այլ իմ անպիտան ստրուկ Եզոպոսը: Բայց դրա փոխարեն ես ձեզ այսօր կհյուրասիրեմ իսկական ճաշով. ա՛յ, լսեցեք, թե ինչ պետք է կարգադրեմ: – Եվ ձայն տալով Եզոպոսին, ասաց. – Որովհետև իմ բոլոր ասածները հակառակն ես շուռ տալիս, ահա քեզ իմ հրամանը` գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը:

Եզոպոսը լսեց հրամանը և նույնիսկ աչքը չթարթեց: Նա նորից գնաց մսի խանութ, նորից գնեց բոլոր փողոտված խոզերի լեզուները և նորից նրանցից ճաշ պատրաստեց: Այդ միջոցին իր աշակերտների հետ միասին եկավ Քսանթոսը, նրանք տեղավորվեցին սեղանի շուրջ, և երբ առաջին բաժակը խմեցին, Քսանթոսն ասաց.

—         Եզոպո՛ս, ուտելիք բեր մեզ համար:

Եզոպոսը բոլորին մատուցեց քացախի մեջ դրած աղի լեզուն:

—         Ինչպե՞ս,- ասացին հյուրերը,- նորի՞ց լեզու:

Քսանթոսը գունատվեց: Իսկ աշակերտները մեկնաբանեցին.

—         Երեկվա փորլուծից հետո, այսօր նա ուզում է մեզ այս քացախով բուժել:

Էլի մի երկու բաժակ խմեցին, և Քսանթոսն ասաց.

—         Ուտելու բան բեր մեզ համար:

Եզոպոսը բոլորին տապակած լեզու մատուցեց:

—         Այդ ի՞նչ է նշանակում,- ասացին աշակերտները: – Երեկվա այդ տխմարը ուզում է մեզ վերջնականապե՞ս սպանել իր լեզուներով:

Քսանթոսն ասաց.

—         Դու էլի նո՞ւյնն ես կրկնում, չարագո՛րծ: Ինչպե՞ս ես հանդգնել գնել այդ լեզուները: Մի՞թե ես քեզ չասացի` «Գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը»:

Եզոպոսը պատասխանեց.

— Լեզվից ավելի վատ ի՜նչ կա աշխարհում: Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ: Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի արգահատելի բան լինել, քան լեզուն է:

Առաջադրանքներ

1. Լեզվի մասին առածներ գտի՛ր:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:
Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:
Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
Աշխարը շինողն ու խանդողը լեզուն է
Թուրը մի մարդ սպանեց, լեզուն՝ մի բանակ (զորք):
Տավարի կապից կբռնեն, մարդու՝ լեզվից:
Տավարին կապով կկաբեն, մարդուն՝ լեզվով:
Ոտքով ընկնողը կելնի, լեզվով ընկնողը չի ելնի:
Գեշ լեզուն ածելուց սուր է:
Լեզվով ծակածը նշտարն էլ չի ծակի:
Լեզուն արդար, սիրտը՝ չար:
Անուշ լեզուն մեղրից քաղցր է:
Լեզվիդ չափ ու չվան դի՛ր:
Լեզուդ տակը ոսկոր չունի, որ սուտ խոսելիս ծակի:
Լեզվի տակ փուշ չկա (ոսկոր չկա):
Խոսքը քանի բերանումդ է, քոնն է, բերանիցդ ելավ՝ քոնը չէ:
2. Մեկնաբանի՛ր հետևյալ դարձվածքները:
լեզուն իրեն քաշել, լեզվի կապերն արձակել, լեզուն երկարացնել, լեզուն շաղ տալ, լեզուն յոթ կողպեքի տակ պահել:
3. Ընտրի՛ր դարձվածքների հոմանիշ զույգերը և առանձնացրու: