December 7

Գլխարկների անձրև Միլանում

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիյթը բաց չթողեց փնթփնթալ.
— Հե՜յ, ուշքդ վրադ պահիր: Նայի՛ր, թե ուր էս գնում:
— Բայց ես չեմ գնում, ես կանգնած եմ… նայե՛ք:
— Էլ ո՞ւր «նայեմ»: Ես ժամանակ  չունեմ: Վա՜յ, ի՞նչ է սա: Ա՜յ, վա՜յ, վա՜յ:
— Ահա՜-ահա՛, տեսաք: Եվ ի՞նչ կասեք այս մասին:
— Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…
Եվ իրոք, երկնագույն անամպ երկնքից հանկարծ գլխարկների անձրև թափվեց: Ոչ թե մի գլխարկ էր թռչում, որ կարող էր ինչ-որ անցորդի գլխից քամին թռցրած լինել և տանել օդով: Եվ ոչ էլ երկու գլխարկ էին թռչում, որոնք կարող էին պարզապես ընկած լինել ինչ-որ մեկի լուսամուտագոգից: Երկնքից էր թափվում, ավելի շուտ լողալով իջնում էին հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գլխարկներ: Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարժության գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ, դահուկորդի՝ հյուսած գլխարկներ…
Հաշվետար Բյանկինիի և այն պարոնի կողքին, որը բախվել էր նրան, շատ ուրիշ անցորդներ կանգ առան: Բոլորը գլուխները բարձրացրած նայում էին երկնքին. և՛ հացաբուլկեղենի խանութի տղան, և՛ երթևեկությունը կարգավորող ոստիկանը, որը կանգնում էր Մանձոնի և Մոնտենապոլեոնե փողոցների խաչմերուկում, և՛ տասնութ համարի տրամվայի վարորդը, և՛ տասնվեց համարի տրամվայի վարորդը, և՛ նույնիսկ առաջին համարինը…
Վագոնավարները դուրս էին եկել և նույնպես նայում էին երկինք, ուղևորներն էլ  դուրս եկան և բոլորը սկսեցին խոսել իրենց տպավորությունների մասին
– Ա՜յ քեզ հրաշք:
– Չլսված բան է:
– Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա: Հավանաբար էլի Զատկի տորթ են գովազդում:
– Բայց ի՞նչ կապ ունի Զատկի տորթը:
– Դե, ուրեմն, պանիր են գովազդում:
– Դե, վերջ տվեք: Ձեր մտքում միայն ուտելիքներ են: Իսկ գլխարկները, որքան գիտեմ, դեռևս ուտելի չեն:
– Ինչ է, սրանք իսկապե՞ս գլխարկներ են:
– Ոչ, հեծանիվի զանգեր են: Մի՞թե չեք տեսնում՝ ինչ են:
–  Ոնց որ թե գլխարկներ են: Գլխարկներ, որ գլխին են դնում:
–  Իսկ դուք, հետաքրքիր է, որտե՞ղ եք դնում ձեր գլխարկը, քթի՞ն:
Շուտով քննարկումներն ավարտվեցին: Գլխարկները վայրէջք կատարեցին մայթերին, փողոցներին, ավտոմեքենաների վրա, մի քանիսը տրամվայների պատուհաններից ներս թռան, մյուսներն ընկան ուղիղ խանութ: Մարդիկ վերցնում էին դրանք ու փորձում:
–  Սա մեծ է:
– Փորձեք սա, սինյոր Բյանկինի:
– Բայց սա կանացի գլխարկ է:
– Իսկ դուք այն ձեր կնոջ համար տարեք:
– Հետո դիմակահանդեսի ժամանակ կդնեք:
– Ճիշտ եք ասում, կանացի գլխարկով հո գրասենյակ չե՞մ գնա…
– Ինձ կտա՞ք այն մեկը, խնդրում եմ, դա տատիկիս կսազի:
– Իմ զարմիկի քրոջն էլ լավ կլինի:
– Բայց ես առաջինն եմ վերցրել:
– Ո՛չ, ե՛ս եմ առաջինը վերցրել:
Ոմանք միանգամից երեք-չորս գլխարկ էին վերցրել՝ ողջ ընտանիքի համար: Եվ որքան շատ էին մարդիկ հավաքում գլխարկները, այնքան ավելի շատ էր թափվում երկնքից: Գլխարկները ծածկել էին փողոցներն ու մայթերը,  լցվել էին պատշգամբներն ու ծածկել տանիքները: Կլոր գլխարկներ, բերետներ, լայնեզր սոմբրերոներ, կովբոյական, սրածայր, կլոր, ժապավենավոր, անժապավեն… Հաշվետար Բյանկինիի ձեռքին արդեն տասնյոթ գլխարկ կար, բայց դեռ չէր կողմնորոշվում. հեռանա՞, թե՞ ոչ:
– Ախր, գլխարկների անձրև հո ամեն օր չի՞ գա,- մտածում էր նա։- Պետք է օգտվել առիթից: Կարելի է պահել ամբողջ կյանքի համար, մանավանդ որ գլուխս այլևս չի մեծանալու…
–Հա, բայց կարող է փոքրանալ:
– Ինչպե՞ս թե փոքրանալ, ի՞նչ եք ակնարկում: Խե՞լքս է պակասելու, ի՞նչ է։
– Դե լավ, մի՛ նեղացեք: Ավելի լավ է վերցրեք այս գեղեցիկ անհովհար գլխարկը:
Իսկ գլխարկներն  անվերջ թափվում էին երկնքից… Մեկն ուղիղ իջավ երթևեկությունը կարգավորող ոստիկանի գլխին։ Նա արդեն չէր էլ կարգավորում փողոցային երթևեկությունը, քանի որ գլխարկներն իջնում էին ուր ասես։ Այս մեկը գեներալական գլխարկ էր, և բոլորը մտածեցին, որ սա բարի կանխանշան է, և որ ոստիկանի պաշտոնը շուտով կբարձրացնեն։
Իսկ հետո մեկը մյուսի ասեց՝ ողջույն և հեքիաթը ավարտվեց։

Առաջադրանք

  • Իսկ ավարտը ինքդ հորինի՛ր։
December 7

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճերում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը՝ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հուսում տեղանքի թեքության ուղղությամբ:
Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ, գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: Ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները՝ գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը՝ առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի՝ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :
Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն՝ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ: