April 5

Դաս Էրիկի հետ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.

  • Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
    երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
    փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
    մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
    դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
    որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
    հասկացողություն:
    Երկաթը պատասխանեց ոսկուն.
  • Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
    ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
    սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
    զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
    ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
    Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
    ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
    օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
    կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
    են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
    կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
    իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
  • Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
    լավությունը չես տեսնում:

    https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd5E7LQMoRmGsTcCY6BiA_6ihdfDWwgN3pau1E0tTdv6ChHVQ/viewform?vc=0&c=0&w=1&flr=0