May 25

Իմ առաջին հաղթանակը

Այս տարվա հունվար ամսին, ինձ առաջարկեցին մասնակցել Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ – փառա-տոնի լարային անվանակարգի մրցույթին: Ես համաձայնվեցի և սկսեցի պատրաստվել և քրտնաջան աշխատել:

Երբ եկավ ժամանակը մասնակցելու մրցույթին պետք է ներկայացնեի Կառլ Բոմի`Պերպետու Մոբիլը և Չարլս Դանկլյայի երրորդ համրի վարրացիաները:

Առավոտյան`մրցույթից առաջ, ես և մայրիկս միասին զբոսնեցինք, եկեղեցում մոմ վառեցինք, ես աղոթեցի իմ հաջողության համար և ոտքով գնացինք դեպի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ տեղի էր ունենալու իմ մրցույթը:

Մտանք դպրոց, ամեն մեկիս տրամադրվեց փորձասենյակ մրցույթից առաջ պարապելու համար:
Եկավ իմ ժամանակը, ես պետք է  ներկայացնեի իմ ստեղծագործությունները: Ես շատ էի անհանգստանում, որ ես կարող էի ընկնել երրորդ կարգ, բայց իմ մայրիկը ոգևորեց և ես այլևս չանհանգստացա: Հավաքեցի իմ բոլոր ուժերը և մտքերը, երբ հնչեց իմ անունը՝ Լիա Մկրտչյան:

Երբ ես վերջացրեցի իմ կատարումը, հայտարարեցին իմ թվանշանները, և  ես հասկացա, որ առաջին կարգի մրցանակի եմ արժանացել: Այդ ժամանակ ես շատ ուրախացա և շատ ուրախ գնացի մայրիկիս և հայրիկիս մոտ:

Ես հասկացա, որ արժեր այդքան աշխատել հաղթանակի արժանանալու համար: Սա իմ առաջին հաղթանակն է:

May 25

Համբարձման ծես

dsc03066.jpg

Համբարձման տոնը կատարվում է Հարության կիրակիից` Զատիկից քառասուն օր անց և, պայմանավորված լինելով Զատիկով, բնականաբար, այն շարժական է և ամեն տարի տարբեր օրեր է նշվում: Սակայն այն միշտ տոնվում է հինգշաբթի: Կապված է Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելու: Եթե Զատկի տոնին առանձնանում, զատվում են բնության գույները, ավարտվում ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտերը և երգ-պարով, ուրախություներով սիրաշահում Մայր բնությանը: Համբարձումը բնության, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում: Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել` կենդանու զոհ մատուցել, որը դարձյալ բնությանը սիրաշահելու, կենդանիների բազմացման միտում ունի: Այս ծեսը քրիստոնեական և հեթանոսական տոների սիրուն խառնուրդ է:

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ(գուշակության թուղթ) հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի(կուժ) մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամայրը, որը դրվում էր պուլիկի(կավե փոքրիկ աման) մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե աղջիկն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր պատժում նրան: Այդ ամենից առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Շատերը Համբարձումը կապում են Արայի պաշտամունքի հետ: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկավանք: (Ծաղկավանքը Քասախ գետի ափին գտնվող Արայի սարի քարանձավում է, դիտեք այս հոլովակը):

Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճկի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում  ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, աչքեր, բերան, հոնքեր:

Տիկնիկն ունենում էր ճակտնոց, ոսկեշար մանյակ, կրծքի շռայլ զարդեր: Վիճկի Արուսն ամրացնում էին փարչի բերանին: Վիճակը պիտի ամբողջ գիշեր մնար երկնքի տակ: Դա կոչվում էր «աստղունք դնել»: Մեր ժողովուրդն այս տոնին տան մրոտված երդիկին հաճախ աստղեր է նկարել:

Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը կատարում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Դրանից հետո չամուսնացած աղջիկները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:
Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:
Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր

Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.

Բացվում են ոսկի երկընքի դռներ,

Ներքև պապանձում, լռում ամեն բան,

Ու աստվածային անհաս խորհրդով

Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Ըստ ժողովրդական պատկերացումների` դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, երկինքն ու երկիրը համբուրվում են, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: Գիշերվա ընթացքում, ըստ պատկերացումների, բուժիչ ցող է իջնում խոտերի վրա, որը առավոտյան օգտագործում էին` հիվանդությունից զերծ մնալու համար: Ողջ բուսականությունն այդ գիշեր ձեռք է բերում առատության հատկություն. ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ են աճում: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը և թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկար լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տևական կլինի, կամ իրենց միտք դրած խորհուրդը կկատարվի:
Հինգշաբթի վաղ առավոտյան բոլոր տներում կաթնապուր էին եփում: Բոլոր տներում այդ օրվա կաթնապուրը մատաղ էր, այն բաժանվում էր առնվազն յոթ տեղ: Հավանաբար այդ էր պատճառը, որ Համբարձումը երբեմն անվանել են նաև Կաթնապրի տոն: Մարդիկ հավատում էին, որ այն մարդը, ով առաջինը կճաշակեր Համբարձման կաթնապուրից, նրան էլ բաժին կընկներ այդ տարվա առատությունն ու ապահովությունը:
Իսկ ահա որպես Վիճակի ծաղիկ, տարածված է գնարբուկը: Դաշտերից հիմնականում այս տեսակն են հավաքում:

Նյութը ՝ Մովսիսյան  Նունեի բլոգից, Մարինե Մկրտչյանի մշակումներից